2015 թվականի առաջին եռամսյակում «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը գրանցել է աճ ֆինանսական հիմնական ցուցանիշներով
06.05.2015

«Կամուրջ» վարկային կազմակերպության պորտֆելը 2015 թվականի առաջին եռամսյակում աճել է ավելի քան 5%-ով, գրեթե 1 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով շուրջ 15 մլրդ ՀՀ դրամի, իսկ Ընկերության ակտիվները աճել են շուրջ 3%-ով՝ հասնելով ավելի քանի 16 մլրդ դրամի:  Ընկերությունը զգալի աճ է գրանցել նաև հաճախորդների թվով. այն ևս աճել է ավելի քան 5%-ով՝ հասնելով շուրջ 20 հազարի:

 

«Մենք արժևորում ենք նշված ցուցանիշների աճը՝ հատկապես հաշվի առնելով ֆինանսատնտեսական դաշտում առկա ներկայիս իրավիճակը: Նշված աճը վկայում է «Կամուրջ» վարկային կազմակերպության նկատմամբ հաճախորդների վստահության մակարդակի աճի մասին և պայմանավորված է մեր կողմից տրամադրվող պարզ և հասանելի վարկատեսակներով, որոնց պայմանները առավելագույնս հարմարեցված են մեր հաճախորդների պահանջմունքներին, բիզնեսի և գյուղատնտեսության սեզոնայնությանը:

2015-ի 1-ին եռամսյակում Ընկերությանը հաջողվել է պահպանել թերևս ամենակարևոր ֆինանսական ցուցանիշներից մեկը՝ զուտ շահույթը, որը կազմել է ավելի քան  0,2 մլրդ ՀՀ դրամ, չնայած այն հանագմանքին, որ ՀՀ ֆինանսական համակարգում 2015-ին առկա են ռիսկային պորտֆելի աճի ակնհայտ միտումներ: Սա արդյունք է նաև այն հանգամանքի, որ նույնիսկ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, արտարժույթի փոխարժեքի տատանման ժամանակահատվածում, երբ ֆինանսական դաշտում առկա էին վարկավորման դադարեցման միտումներ, Ընկերությունը վարկային քաղաքականության խստացմանը զուգահեռ նույնիսկ 1 օրով չէր դադարեցրել վարկավորման գործընթացը (այդ թվում ՀՀ դրամով), որը շատ կարևոր էր մեր հաճախորդների համար:

2015-ին մենք շարունակելու ենք ապահովել վարկային պորտֆելի և հաճախորդների քանակի կայուն աճը՝ պահպանելով և էլ ավելի բարելավելով պորտֆելի որակական ցուցանիշները»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ