«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը կնքել է շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամի վարկային պայմանագիր ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ հետ՝ 5 տարի ժամկետով, որի շնորհիվ «Կամուրջ»-ը հնարավորություն կունենա մատչելի պայմաններով վարկավորել ձեռներեցությամբ զբաղվող անձանց, առաջին հերթին կանանց` խթանելով Հայաստանի Հանրապետությունում կանանց ձեռներեցությունը և կանանց ներգրավվածությունը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գործում:
«Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ տրամադրվող վարկերը լայն դրական արձագանք կստանան մեր հաճախորդների շրջանում, քանի որ դրանք ՀՀ դրամով են, ունեն ցածր սակագներ, միտված են նաև սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանմանը: Մեր հաճախորդների կեսից ավելին կանայք են, որոնք վստահում են Կամուրջին. ունենք կին ձեռներեցներ, որոնք ավելի քան 30 անգամ օգտվել են «Կամուրջ»-ի կողմից տրամադրվող վարկատեսակներից՝ ընդլայնելով և զարգացնելով իրենց գործունեությունը:
Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը մեզ նոր հնարավորություն կտա էլ ավելի հասանելի վարկատեսակներ տրամադրել գործարարարներին, մասնավորապես կանանց, աջակցել ձեռներեցության ընդլայնմանը Հայաստանի գյուղական և քաղաքային բնակավայրերում:
Որպես սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություն, մենք կարևորում ենք նման պայմանագրերի կնքումը, որոնք հնարավորություն են տալիս դրամային, մատչելի վարկեր տրամադրել մեր ազգաբնակչությանը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի տնտեսության և ՓՄՁ-ի աճին»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը: